Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Անպատժելիության իրական դեմքը

Անպատժելիության իրական դեմքը
06.02.2009 | 00:00

ՀԵՐԹԱԿԱՆ ԶՈՀԸ
Փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի սպանությունը, անկախ շարժառիթներից, ևս մի անակնկալ ցնցում է ոչ միայն առկա ներքաղաքական բարդ իրավիճակում, այլև նորանկախ Հայաստանի պատմության մեջ առհասարակ։ Գլխավոր հետևությունը, որ կանեն երկրի քաղաքացիները տեղի ունեցածից հետո, այն է, որ եթե նման կարգի պաշտոնյան անգամ այս երկրում պաշտպանված չէ, ի՞նչ կարելի է ասել «հասարակ մահկանացուների» մասին։
Անդրադառնալով սպանության ժամանակագրությանը` դժվար չէ նկատել, որ սկզբնական շրջանում տեղեկատվությունն իրարամերժ էր։ Մի շարք լրատվամիջոցներ նշում են, թե դեպքը տեղի է ունեցել 20-ն անց 50-ին, և 5 րոպե անց դեպքի վայր ժամանած շտապօգնությունն արձանագրել է երիտասարդ սպայի մահը։ Ավելի ուշ դատախազության ու ոստիկանության տարածած տեղեկատվությամբ նշվում է, թե 20-ն անց 15-ի սահմաններում Արաբկիրի ոստիկանությունն ահազանգ է ստացել Բարբյուսի փողոցի թիվ 65 շենքի 7-րդ հարկի հարթակում կատարված սպանության մասին։ Այսպիսով, սպանության ճիշտ ժամը դեռևս ճշգրտման կարիք ունի, ինչը շատ կարևոր է կատարվածի բացահայտման համար։
Երկրորդ. հասկանալի չէ, և պաշտոնական պարզաբանում էլ չկա այն մասին, թե արդյո՞ք փոխոստիկանապետն ունեցել է թիկնապահներ կամ գոնե մեկ թիկնապահ։ Կարծում ենք` նման պաշտոնյան սկզբունքորեն չէր կարող չմտածել իր անվտանգության մասին, և եթե անգամ ինքն անտարբեր է եղել դրա նկատմամբ, այդ մասին պիտի մտածեր պետությունը։
Երրորդ հանգամանքն այս հերթական ոճրագործության մեջ նույնպես ուշագրավ է։ Եթե հանցագործը Գևորգ Մհերյանին սպասել է նրա բնակարանի հարթակում, արդյո՞ք նրան չեն տեսել հարևանները։
Չորրորդ. ըստ պաշտոնական տեղեկատվության, փոխոստիկանապետի վրա կրակել են հենց 7-րդ հարկի հարթակում։ Դատախազության ու ոստիկանության հաղորդագրություններում նշվում է, որ դեպքի վայրում հայտնաբերված է 9 մմ տրամաչափի 8 պարկուճ և 4 գնդակ, որոնցից երեքն արձակվել են երիտասարդ սպայի գլխին։ Որտե՞ղ են մնացած 4 գնդակները։ Պարզ չէ առայժմ` ի՞նչ զենքով է իրականացվել սպանությունը, օգտագործվել է խլացուցիչո՞վ զենք, թե՞ ոչ։ Որովհետև եթե խլացուցիչ չի եղել, և 8 կրակոց դղրդացել է ամբողջ շքամուտքում, հնարավոր չէ, որ հարևանները չլսեին, և գոնե մեկը չտեսներ մուտքից դուրս եկող մարդասպանին։ Հասարակությունը սպասում է բոլոր այս հարցերի պատասխաններին, և իրավապահ մարմինները, գոնե սեփական մունդիրի պատիվը պահելու համար, պետք է անեն ամեն բան, որպեսզի հետաքննությունն ընթանա պրոֆեսիոնալ, պատշաճ մակարդակով, միաժամանակ հնարավորինս լիարժեք պարզաբանումներ տալով հասարակությանը։ Քրեական գործը չպետք է ամիսներով «քնեցվի»` ստիպելով մտածել, թե գործը բացելու ցանկություն չկա։
Անշուշտ, յուրաքանչյուր սպանության հիմքում կարող են լինել մի քանի վարկածներ։ Կոնկրետ այս դեպքը կարող է կապված լինել Գևորգ Մհերյանի ինչպես ծառայողական գործունեության հետ, այնպես էլ ունենալ այլ շարժառիթներ։ Թեպետ, եթե պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է, թե քրեական գործը հարուցված է ծառայողական պարտականություններին առնչվող սպանության հոդվածով, սա արդեն իսկ ինչ-որ բան հուշում է։ Հրապարակի վրա եղած տեղեկատվության համաձայն` Գևորգ Մհերյանի անվան հետ որևէ սկանդալային պատմություն երբևէ կապված չի եղել, դատելով ծառայողական ցանկից, ճիշտ հակառակը, ունեցել է պրոֆեսիոնալ իրավաբանի լավ համբավ։ Համենայն դեպս, ոստիկանության նոր ղեկավար կազմի նշանակումից հետո հենց նա էր զբաղվում հակակոռուպցիոն ուղղվածության և համակարգի առողջացման խնդիրներով։ Թեկուզ հենց անձնագրային սեղաններում իրականացված փոփոխությունները, որոնք միտված էին քաղաքացիների համար առավելագույնս հեշտացնելու անձնագրերի ձեռքբերումը, երկարացումը, հաշվառման և հաշվառումից դուրս գալու հետ կապված խնդիրները, անմիջականորեն կապված էին Գևորգ Մհերյանի հետ։
Ցավոք, արդեն հանգուցյալ փոխոստիկանապետը, ըստ շրջանառվող լուրերի, տարբեր այլ պաշտոնյաների նման չի ունեցել բիզնես-հետաքրքրություններ, ոչ էլ նրա մերձավորներն են ընդգրկված Հայաստանի խոշոր բիզնեսի ոլորտում, որպեսզի սպանությունը բիզնես-շահերի բախման դրսևորում դիտվեր։ Անձնական վրեժի վարկածը նույնպես քննություն չի բռնում։ Որովհետև փոխոստիկանապետի պաշտոնում Գևորգ Մհերյանը պետք է որ ավելի պաշտպանված լիներ, քան, ասենք, սոսկ նախագահի օգնական եղած ժամանակ, և անձնական վրեժ լուծելու ցանկություն ունեցողը կամ ունեցողներն այս քայլին կդիմեին այն ժամանակ, երբ նա դեռ ուժային կառույցում որոշիչ պաշտոն չէր զբաղեցնում։
Ըստ այդմ, ծառայողական պարտականությունների բերումով նրա նկատմամբ իրականացված հաշվեհարդարը նաև կարելի է դիտարկել որպես ամենահավանական վարկած։ Սակայն խնդիրն ունի և չի կարող չունենալ քաղաքական կողմ։ Շատ «հետաքրքիր» մի միտում է նկատվում Հայաստանի վերջին 15-20 տարիների պատմության մեջ։ Հատկապես հենց այն պահերին, երբ իշխանությունը փորձում է թեկուզ հարաբերական կարգ ու կանոն հաստատել երկրում, երբ լարված ներքաղաքական իրադրությունը լիցքաթափելուն միտված թեկուզ շատ փոքր, բայց իրական շփումներ են նկատվում իշխանություն-ընդդիմություն հարաբերություններում, անմիջապես տեղի է ունենում մի այնպիսի բան, որը ստեղծում է հակադրության, լարվածության, անպաշտպանվածության մթնոլորտ, հասարակական անվստահության մի նոր ալիք, որը ցանկացած պարագայում ամենից առաջ կրկին կտրուկ թուլացնում է իշխանության նկատմամբ հանրային վստահությունը։
Նոր նախագահն ու վարչապետը հռչակել են բարեփոխումների կուրս։ Կա հասարակության մի զգալի զանգված, որը դրան մասամբ հավատում է։ Կա մեկ այլ զանգված, որը չի հավատում առհասարակ, ինչպես նաև կա ընդդիմադիր ոչ փոքր ընտրազանգված, որն իրավիճակի հանգուցալուծումը տեսնում է բացառապես իշխանափոխության մեջ։ Հերթական անգամ ստեղծվել է իրավիճակ, երբ իշխանությանը նետված է մարտահրավեր. կա՛մ օպերատիվ, արագ ու վճռական գործողություններով բացահայտել կատարված սպանությունը, ապացուցել բնակչությանը, որ իշխանությունը տիրապետում է իրավիճակին ու վճռական է իր հռչակած բարեփոխումներն ավարտին հասցնելու մեջ, կա՛մ էլ խոստովանել սեփական անզորությունն ու բազմաթիվ չբացահայտված սպանությունների շարքը լրացնել ևս մեկով։ Այս համատեքստում, կարծում ենք, աչքի առաջ պետք է ունենալ անժխտելի իրողությունը. երբեք ոչ մի ժողովուրդ չի հարգի այն իշխանությանը, որն ընդունակ չէ անգամ ինքն իրեն պաշտպանելու, քանի որ, նույն տրամաբանությամբ, չի կարող պաշտպանել նաև ժողովրդին։
Վ. ՍԱՀԱԿՅԱՆ

Դիտվել է՝ 3150

Մեկնաբանություններ